21 Jul 2013

Ինչից եմ ես ամենաշատը վախենում

Իմ վախն ընդամենը մեկն է, բայց իր մեջ ներառում է ևս մի բան: Եվ եթե չկա առաջինը, ապա չկա նաև երկրորդը: Նրանք շատ մոտ են իրար: Սիրում են միմյանց: Առանց իրար չեն կարող լինել: Եվ այսպես դա-դա-դա-դամ.... առաջին իմ վախը, որը ծնողն է երկրորդի՝ մթությունն է: Ես վախենում եմ մթությունից իր ամեն ինչով, իր ամեն մի մանրուքով: Ես սիրում եմ մթությունը և միաժամանակ ատում: Այն հաճելի է և
անտանելի, հետաքրքիր ու

սարսափելի: Առհասարակ ինչի՞ համար է մթությունը: Ես չգիտեմ: Չէ, կամ էլ գիտեմ: Այո՛, գիտեմ: Մթությունը իմ ու քո համար չէ, այլ նրանց, ովքեր չեն սիրում լույսը: Բայց մի հուսահատվիր, մի օր մթությունը մեզ համար էլ հաճելի կլինի: Իսկ չե՞ս ուզում
իմանալ, թե ովքեր են մթության տիրակալները: Մթություն սիրողների ցանկում են հայտնվել բոլոր այն մահացած հոգիները, որոնք գիշերով դուրս են գալիս իրենց թաքստոցից և սկսում իրենց առօրյան: Նրանք փսփսում են ու այդ փսփսուքով լցնում ամբողջ շրջակայքը:Նրանք չեն ուզում մեզ՝ շնչող էակներիս վախեցնել: Ակամայից է ստացվում: Նրանք ընկերներով կանգնած են ինչ-որ մեկի տանը՝ ասում-խոսում ուրախանում են ու մեկ էլ հանկարծ շնչող էակներից մեկը գիշերով որոշում է իր պետքերը բավարարել: Պարզ է, որ նա, չտեսնելով հոգիներին, բախվում է նրանց: Խեղճ հոգիներ, մեկը մյուսի վրա պառկելով ընկնում են հատակին: Սկսում են հայհոյել շնչողներիս ու որոշում են վրեժ լուծել: Կանչում են իրենց հավատարիմ ու սիրելի ընկերներին, որոնցից մի ժամանակ նրանք էլ էին շատ վախենում, ու խնդրում նրանցից օգնություն: Դե էս հավատարիմներն էլ սիրում են խնդալ մարդկանց անզորության վրա ու գրոհում են: Գրոում են ընտանիքներով: Գրոհը գլխավորում է ընտանիքի մեծը՝ ապուպապը: Հետո արդեն ընտանիքի մյուս անդամները: Իսկ ամենավերջում ընտանիքի պուճուրները՝ թոռներն ու թոռնուհիները: Նրանք գրոհում են մեծ հպարտությամբ, տարված հաղթանակի մեծ մոլուցքով: Բայց հանկարծ, ընդամենը մեկ շարժում, ընդամենը լույսի միացում և նրանք խուճապահար փախչում են ուր պատահի: Մոռանում են իրենց ընտանիքի մասին: Եվ հանկարծ նրանցից ամենատարեցն ու ամենամեծը հայտվում է շնչող էակի ոտքի տակ:  Իհարկե, դուք արդեն հասկացաք, թե խոսքն ում մասին է: Իմ ատելի, բայց հոգիների համար սիրելի խավարասեների մասին է: Սև, զզվելի, անտանելի ու վախենալու: Մի օր, հոգնելով նրանցից, մտա խանութ և խնդրեցի խավարասերներին ոչնչացնող ամենաուժեղ դեղը: Նրանք ինձ տվեցին այդ և զգուշացրին, որ դեղը փչելուց հետո մի երկու ժամ չերևալ տան մոտակայքում: Այդպես էլ արեցի: Եվ ահա, թե ինչ պատահեց: Գիշերը, երբ շնչող էակս գնաց իր պետքի հետևից, տեսավ զարմանալին ու անսպասելին: Լույսը կրկին վառվեց:Բայց այս անգամ ոչ մի ռեակցիա խավարասերների կողմից: Բայց դրա փոխարեն մի հետաքրքիր ու անկեղծ ծիծաղ առաջացնող տեսարան բացվեց իմ առաջ: Խավարասերների բանակը հարբած էր: Մեկը մեջքի վրա ոտքերն էր թափահարում, մյուսը խելակորույս մի տեղից մյուս տեղն էր քայլում(և ոչ թե վազում), մյուսը իրեն պատեպատ էր տալիս, մեջտեղում երկու-երեք հոգի իրար վրա ման էին գալիս, իսկ այ ամենավերջինը, որ ամենահետաքրքիրն ու ամենածիծաղելին էր, պատն էր բարձրանում՝ աջից ձախ իրեն գցելով: Ես մի լավ զվարճացա: Բայց դա վերջին գիշերն էր իմ զվարճության, որովհետև նրանք հեռացան ու չքացան:
Հեռացան, բայց անբաժան մնացին իրենց ընկերներից՝ հոգիներից, ու իրենց ծնողից՝ մթությունից:









No comments:

Post a Comment