11 May 2017

Հպում

















Դատարկ փողոցում
Լուսնի լույսի տակ
Թաց գետնից եկող օդը շնչելիս
Մեկը աննկատ մարմինս գրկեց

Անաստղ երկնքից մի վերջին կաթիլ
Մեր միջև ընկավ
Ու հանդիպումը հիշարժան դարձավ
Բոլոր ձեռքերով ինձ իր գիրկն առավ
Հետո համոզեց որ էլ մենակ չեմ
Ձախ ձեռքի վեցերորդ մատով
Մազերս խաղալիք դարձրեց իր համար
Նա չհարձակվեց, թաքուն չհրեց
Ուղղակի եկավ ու ամուր գրկեց
Իմ ունեցածը մի զույգ ձեռքեր էին
Առաջարկեցի
Չհրաժարվեց
Մարդիկ կարծեցին որ ես իրենցից երջանիկ դարձա
Ոմանք ժպտացին
Ոմանք արագ քայլերով ինձնից հեռացան
Ոչ ոք չհարցրեց
Ինչու՞ եմ այդքան ձեռքերով կապված
Ինչու՞ են քայլերս բոլորից փախչում
Ինչու՞ եմ ինձ այդքան մոտ վազում
Նրանք չհարցրին
Բայց ես հասկացա
Ու արդեն ուշ էր
Սովորել էի ես նրա ձեռքերով կապված լինելուն
Բոլորից հեռու
Բոլորից թաքուն
Նրա հետ նստած երկար խոսելուն
Ընկերներիս թողած
Համաձայնվել էի ամենաերկարը նրան գրկելուն
Չմտածեցի որ դա կդառնա վատ սովորություն
Որ ես կվազեմ
Միշտ նրա կողքին մենակ լինելու
Բոլորից հեռու
Բոլորից թաքուն
Ինքս ինձ այդքան երկար գրկելու

Դատարկ փողոցում
Լուսնի լույսի տակ
Թաց գետնից եկող օդը շնչելիս
Մեկի մարմինը թաքուն գրկեցի

No comments:

Post a Comment