6 Aug 2013

2.Ես նկուղցի



Իմ մասին ձեզ արդեն պատմել եմ նախորդ նյութերիցս մեկում: Բայց միայն գլխավորին եմ անդրադարձել: Սակայն կան մանրուքներ, որոնք հետաքրքիր են և որոնց մասին կցանկանայի ձեզ պատմել:
Այսպիսով, ինչպես արդեն ասացի, ծնվել եմ նկուղում: Իմ բնակարանը, եթե իհարկե կարելի է այն այդպես անվանել, շատ հրաշալի տեսք չուներ: Կարելի է ասել, որ  նույնիսկ ահավոր տեսք ուներ: Փոքր, խոնավ, կիսաքանդ պատեր ու վերջ. ահա, թե ինչպիսին էր իմ "բնակարանը": Մի անգամ փորձեք մարդկանց հարցնել, թե ինչ կա նրանց բնակարանում,
և որպես պատասխան հաստատ կլսեք իրերի մի ամբողջ կույտ, որոնք ունեն սկիզբ, բայց վերջ չունեն: Բայց այդ հարցը տվեք ինձ, և ես ձեր գլուխը չեմ ցավեցնի, միայն կասեմ. "երկու աթոռ և մեկ փոքրիկ փայտյա
անդուռ պահարան": Ահա այսքանը ինչ-որ կար իմ նկուղիկում: Ինչ վերաբերում է աթոռների քանակին, կասեմ, որ դա պատահական է ստացվել, բայց շատ է պետք եկել: Երկու աթոռներն ինձ ծառայում էին որպես մահճակալ: Այո, այո դուք ճիշտ կարդացիք՝ մահ-ճա-կալ:  Ես դրանց վրա պառկած տեսնում էի իմ ամենահիասքանչ երազները, որոնք կտեսնեք, որ կատարվում են (դրանց մասին կպատմեմ ուրիշ նյութում): Եվ ահա երկու աթոռ, որոնք գիշերը ծառայում էին քնելու, իսկ ցերեկը նստելու համար: Չէ, իհարկե, ես միանգամից երկուսի վրա չէի նստում: Ցերեկը նրանք բաժանվում էին պաշտոնների: Մեկը աթոռի պաշտոն էր զբաղեցնում (դրա համար միշտ վեճեր էր լինում), մյուսը՝ սեղանի: Բայց այս երկրորդը, այսինքն մյուսը, ավելի ճիշտ սեղանը, ինձ ոչ միայն ուտելու , այլ նաև գործ անելու համար էր պետք գալիս: Ի՞նչ գործ: Է՜հ, մի հիշեցրեք: Հենց հիշում եմ լացս գալիս է: Իմ գործը հետևյալն էր՝ կեղևազրկել: Ես ոչ մի տեղ չէի ավարտել, բայց տիրապետում էի արդեն իմը դարձած "մասնագիտությանը": Այն հարցին, թե ինչ կեղևներ էի մաքրում, կպատասխանեմ՝ տարբեր: Ամեն ինչի կեղևներ. այն բոլոր մթերքները, որոնք ունեին կեղևներ: Դրանք մաքրում էի ամբողջ օրը, ստանալով ընդամենը շատ չնչին գումար: Ստացածս գումարով միայն հաց էի կարողանում գնել: Հացը գնելուն պես վազում էի տուն, մաքրածս կեղևները դնում հացի մեջ և ըմբոշխնում. նյամ-նյամ: Լավ անցնենք: Որ հիշում եմ, թե ոնց եմ կերել տենց ախորժակով: Այն մթերքները, որոնք ես մաքրում էի, պատկանում էին վերևի հարևանիս: Նա մի հաստափոր, հաստավիզ և հաստագլուխ կին էր: Ապրում էր իր շնիկի հետ: Շունը և՛ արտաքինով, և՛ բնավորությամբ նման էր իր տիրուհուն: Հարևանիս տուն բախտավորություն եմ ունեցել մտնել և ապշած դուրս գալ ընդամենը մեկ անգամ: Իմ նկուղիկը նրա տան դիմաց ուղղակի ոչնչություն էր: Միայն մի բան կասեմ, որ շատ կցանկանայի մտնել նաև նրա բաղնիքը և տեսնել արդյոք այնտեղ ինչ է կատարվում, որ ամեն շաբաթ ջրում է իմ նկուղիկը: Բայց ինչևէ, դա դեռ դնենք մի կողմ: Ես, կարելի է ասել, զզվում էի այդ կնոջից: Նա այնքան հպարտ էր, այնքան եսակենտրոն: Միայն տեսնեիք, թե ինչպես էր նա ամեն օր ինձ տալիս մթերքները. զզվանքով, կարծես ես բորոտ լինեի: Ու՛ֆ, նեռվայնացա: Լավ այս էլ ասեմ ու պրծնեմ: Այդ կինն այնքան ջրեց իմ նկուղը, որ խոնավությունը սկսեց խեղդել ինձ: Ես հիվանդացա: Հավանաբար բարձր ջերմություն ունեի (դե ջերմաչափ չունեի, որ չափեի): Իմ հիվանդության երկրորդ օրը, "մահճակալիս" վրա պառկած, ես հանկարծ այնքան բուռն փռշտացի, որ վերևից մի ճիչ լսեցի: Ինչպես հետագայում պարզեցի, իմ փռշտոցից կաթվածահար էին եղել հարևան կինն ու իր շնիկը: Ճիշտն ասած, ես ուրախ էի: Վրեժ լուծեցի նրանից: Վերջապես չէ՞ որ նա էր մեղավոր իր մահվան մեջ: Այդքան երկար ժամանակ իմ նկուղիկը ջրելով ու խոնավացնելով՝ նա էր ինձ ստիպել, որ ես հիվանդանամ ու փռշտամ: Ու ես էլ փռշտացի: Իսկ, թե ինչ պատահեց իմ բուռն փռշտոցից հետո, ձեզ կպատմեմ հաջորդ նյութումս:  

3 comments: