25 Apr 2014

Մենք մերոնցով

Ընդամենը 4 պատ, մեկ դուռ և տասնմեկ սեղան՝ իրենց զույգ աթոռներով: Եվս հինգ րոպե և բոլոր աթոռները զբաղված կլինեն:
***
Ահա քսան հոգի և ոչ մի բացակա: Քսան հոգի՞: Այդ երբ դարձանք քսանը: Անցյալ տարի տասնութ հոգի, այս տարվա սկզբում՝ տասնինը, իսկ հիմա արդեն քսանն ենք: Քսան մարդ, քսան անհատականություն: Կփորձեմ բոլորի մասին էլ խոսել, բելորին էլ առանձին-առանձին ներկայացնել:

***
Այդ չորս պատի մեջ ապրում ենք մենք՝ մեր անհատականությամբ, հետաքրքրությամբ խենթությամբ, չարաճճիությամբ, գժությամբ ու տենց լիքը բաներով:
***
Տասնմեկ սեղաններից տասը միշտ զբաղված են լինում: Այ, այն տասմեկերորդ սեղանի հարցը լուրջ ա: Շաբաթվա մեջ երեք անգամ այն զբաղված ա լինում "անշունչ"  մի առարկայի կողմից: Ու ոչ մեկ էլ բան չի ասում այդ անշունչ առարկային, որովհետև ինքը լավն ա ու սիրված բոլորի կողմից: Այդ "անշունչ"  առարկայից՝ կիթառից բացի, այն զբաղված ա լինում նաև շնչողների կողմից: Այն շնչողների, ովքեր ցանկանում են "մենակ" մնալ իրենց և իրենց մտքերի հետ:
***
Մերոնքական ա մեր խուճուճ ու գժուկ "ղեկավարիկը": Նստում ա երկրորդ շարքի երկրորդ նստարանին: Չի նայում ոչ մեկի, բայց հետևում ա բոլորին. ով եկավ, ով գնաց, ով խոսաց, ով շշնջաց կողքինի ականջին, ով գրիչ հանեց գրչատուփից, ով նամակ գրեց ու փոխանցեց մյուսին: Դե էդ էլ մասնագիտական թերություն ա էլի: Բայց ինքը շատ լավն ա: Մռութ ա մեր խուճուճիկը: Բա ինչ հասնող ա: Լինի թե ստուգողական, թե սովորական հարցի պատասխան ու թե կոնֆետ: Կոնֆետ, որը ես վերջացնում եմ միանգամից:
Մեր խուճուճ Մարուսիկ, դու պարզապես հրաշք ես:
***
Չնայած, մեր նախկին "ղեկավարիկն" էլ ա լավը: Էնքան ուրախ մարդ ա, որ ծիծաղալու ժամանակ միշտ մտածում եմ՝ հեսա սիրտը կպայթի: Վայ Օֆուլ, դու իրոք շատ լավն ես: Մազերդ հարդուկած, գունավոր "բանդիկները"՝ գլխիդ, ծիծաղը՝ դեմքիդ, ուրախությունդ՝ անպակաս: Քո կողքին տխուր մնալը գրեթե անհնար ա:
Հաա, մոռացա ամենակարևորի մասին. շատախոսությունը դարձել ա քո այցեքարտը:
Օֆելյա ջան, ի դեպ դու հակացուցված ես մերոնքական Դինուլին:
***
Իսկ այ Դինուլը հաջորդ մերոնքական աղջիկն ա: Ինչպես նշեցի Դիանան ու Օֆելյան իրար միանշանակ հակացուցված են:
Կարճ մազերով, մռութ դեմքով, ազգությամբ չգիտեմ ով, բայց հաստատ ոչ հայ: Մեկս մոնղոլ ենք ասում, մյուսս՝ թաթար, էն մյուսը՝ եվրոպացի, էն մյուսը չէ էն մյուսն էլ՝ չինացի, բայց դու պնդում ես, որ հայ ես: Չեղավ... էս խաբում ես Դինուլ (o.O):
Մերոնցից ամենաշարժվողն ա: Տեղը նստել չունի: Դե դաս պատմելուց, էլ չասեմ. ոնց որ զբոսանքի դուրս եկած լինի, ուղղակի մի քիչ լարված զբոսանքի:
Էն "անշունչ" առարկայից՝ կիթառից, բացի ինձնից դու էլ ունես: Ու քանի առիթը եկել ա քեզնից շատ-շատ շնորհակալություն հայտնեմ, դու չլինեիր, երևի իմ մտքի ծայրով էլ չէր անցնի, որ ես կիթառ եմ ուզում:
Հա մեր √: 2-րդ չաչանակը դու ես: Շքանշանը մի տարուց պատրաստ կլինի:  Բայց դու մենակ Օֆուլի  հետ չես  ռեկորդ սահմանում, այլ նաև քո “հարևանի”:
***
Դինուլի "հարևանը" ազգությամբ՝ հայ, անունով՝ գերմանացի, "մասնագիտությամբ" կամ երաժիշտ, կամ ֆուտբոլիստ, մի հատ շատ հետաքրքիր տղա ա, ի դեպ դհոլչի: Հումորն իրենից անպակաս ա: Չնայած նրա հումորի սպանիչ լինելուն, իր դեմքի լուրջ դիմագծերը երբեք չեն փոխվում:
Մի անգամ փորձեք մեր Վագներին հարց տալ՝ ցանկացած բնագավառից: Մի բան հաստատ. հարցից անմիջապես հետո չեք լսի ակնկալվող պատասխան: Ինքը մի հատ լուրջ դեմք կընդունի, հետո ակնոցները դանդաղ կհանի, կնայի ձեզ ու շա՜՜՜տ հեռուներից սկսելով՝ կգա կհասնի ձեր հարցի միակ պատասխանին, որը ըստ երևույթին պետք ա լիներ կարճ ու կոնկրետ:
Մեր Վագներն ու իր "հարևանուհին", ինչպես ասեցի, շատ-շատ են խոսում, բայց երևի հենց էդքան շատ խոսալուց ա, որ իրենց միջև վեճերն ու բախումներն անպակաս են: Երևի իրանք չեն նկատում, բայց կողքից նայողի համար, հետաքրքրությունը դեպի այդ վեճը դառնում ա անսահմանափակ: Կամ խոսքերի կծվություն, կամ էլ աթոռների անջատում, նայած՝ վեճն ինչ մակարդակի ա լինում:
Վերջին կծու խոսքը փոխադարձելուց հետո մեր Վագները, չիմանալով ում հետ զրուցել, ճարահատյալ շրջվում ա դեպի երկրորդ շարքի երկրորդ սեղանի կողմը:
***
Հենց այստեղ էլ նստում ա մեր + ∞ հասակ ունեցող Մինասը: Չնայած Միանսն այդքան էլ շատ չի խոսում, բայց Վագների հետ միշտ խոսելու թեմա ունի:
Քո հետաքրքրությունը կայանում ա նրանում, որ դու յուրաքանչյուր իրավիճակից անմեղ ես դուրս գալիս, այսպես ասած, ջրից չոր ես դուրս գալիս: Քո առջև դրած նպատակիդ հասնել ունես, ճանապարհին հանդիպած արգելքներին էլ չես նայում:
Դու մի հատ շատ հետաքրքիր ու մի քիչ էլ ծիծաղալու սովորություն ունես. քեզ ուղղված ամեն նկատողություն վերջացնում ես. "հա բայց ես ինչ արի, որ ընկեր..." արտահայտությամբ, որը չգիտես ինչի միշտ անում ես ունքերդ իրար խառնելով:
Մինաս ջան, քեզ էլ պիտի շնորհակալություն հայտնեմ, ավելի ճիշտ քո բոյին: Քո մեջքի ետևում ես հասցնում եմ և' մեր "ղեկավարիկի" հետ խոսել, և' գիրք կարդալ, և' կոնֆետ ուտել:
Բայց մեկ-մեկ լքում ես քո թանկագին աթոռը և ուղևորվում երրորդ շարքի երրորդ սեղանի մոտ:
***
Իսկ այստեղ էլ նստում ա մեր ազատատենչ Ազատը: Դե Մինասի բոյի հետ համեմատել չի լինի մեր Ազատի բոյը, բայց ինչևէ: Մեր Ազատը արդեն մեկ ու կես տարի էր, ինչ ազատված էր դասային պարտականություններից, բայց էս կես տարի ա Ազատն ինքն ա սահմանափակել իր ազատությունը:
Ազատը մեր սպորտմեն տղեն ա: Որ մեդալների քանակը տեսնեք, չեք հավատա, որ 15 տարեկանում կարելի ա հասցնել այդքանը ձեռք բերել... Լսի', կարող ա՞ առել ես..)))
Ազատ, քո անունը մեզ այնքան ազատություն ա տալիս, որ մենք օրը 6 ժամ տխուր չենք մնում: Ամենազվարճալին, որը մեզ միշտ ծիծաղացնում ա, էդ ՆԶՊ-ի ժամն ա.... "Երեխաներ զգա'ստ...կատարե'ք ՀՀ-ի օրհներգը... երեխաներ, ազա'տ...":
Օրինակ ես միշտ նեղանում եմ, ինչի ա մեր ու քո միջև տարբերություն դնում:
Դե լավ հա, էդ էլ չլինի, բա մենք ոնց ուրախանանք:
***
Մենք ունենք նաև մի  մարդ, ով ո'չ տառապում ա շատախոսությամբ, ո'չ՝ քչախոսությամբ, այլ տառապում ա չեզոքությամբ:
Մեր Պողոսը ո'չ խոսում ա, ո'չ պատմում ա, ո'չ գրում ա, ո'չ գվում ա-ո'չ բվում ա....ոչինչ չի անում. ընդհանրապես: Այ տղա, խոսիր, քո մասին էլ կարծիք կազմենք: Էսպես լավ չի. մեկ-մեկ ինձ թվում ա դու մենակ ֆիզիկապես ես ներկա, իսկ հոգեպես՝ բացակա: Անհասանելի մարդ ես դարձել...
***
Հեքիաթային դեմքով, առեղծվածային հասակով Լևոն ջան, մի քիչ խոսա քեզնից բան հասկանանք: Գալիս ես: Մտնում: Բարևում, չնայած մենակ կողքինդ ա լսում քո բարևը, նստում ես ու մի հետաքրքիր ձևով ձուլվում աթոռիդ: Վերջ, էլ չկաս, միայն ֆիզիկապես: Նայում եմ քեզ, հայացքդ` "երկնքում" (չնայած էդ երբ առաստաղը դարձավ երկինք, չգիտեմ), բայց երևի դու այնտեղ ավելի շատ բան ես տեսնում, քան մենք:
Բայց մի րոպե: Նստած եմ ու մեկ էլ ականջիս տակ բզզոց եմ լսում: Ավելի ուշադիր եմ լսում ու հասկանում եմ, որ էդ քո ձայնն ա ու մեկ էլ քո "հարևանի":
***
Պարզվում ա Լևոնը խոսում ա, բայց թաքուն: Արմեն ջան, տղա ջան, ոնց ա քո մոտ ստացվում իրան խոսացնել:
Արմենը մեր ամենապուպուշ տղեն ա: Բա մազերը: Նայում ես, ասում ես. "դե մազ ա էլի..", բայց որ ձեռքդ մցնում ես մազերի մեջ, մի ձևի ընկղմվում ես դեպի անհատակ խորքերը:
Արմեն ջան, տղա ջան, պարզվում ա մեր ամենաշատ խոսող տղեն դու ես, բայց չգիտես ինչի բոլորը հակառակ կարծիքի են: Դե 6 ժամ աննկատ խոսելնել ա տաղանդ:
***
Որ ասում եմ տաղանդավոր ենք....
***
Մեր հաջորդ տաղանդիկը մերոնքական Էդմոնդն ա: Խնդրում եմ ուշադրություն դաձրեք, ոչ թե Էդմոն, այլ Էդմոնդ: Մենք երկար տանջանքներից հետո արդեն սովորել ենք իր անունը ճիշտ արտասանել ու հիմա անցել ենք անվճար դասընթացների:
Մեր Էդմոնդն էլ ա մի հատ "անշունչ" առարկա նվագում: Եթե մանրամասնությունները չնկատելու տանք, ապա իր "անշունչ" առարկան իմ ու Դինուլի "անշունչ" առարկայի փոքր տեսակն ա: Դե երևի հասկացաք, որ մեր Էդմոնդը ջութակահար ա:
Անարդար աշխարհը այստեղ էլ ա անարդար. հերիք չի մեր մոտ նստած "սոլֆեջո" ա անում մի հատ էլ վերևներից ազատություն ձեռք բերած շաբաթը երկու օր բացակայում ա:
Մեր Էդմոնդն էլ մի հատ շատ հավես սովորություն ունի: Իր բերանից դուրս եկած յուրաքանչյուր խոսք վերջացնում ա "ոնց օր"-ով: Ասենք, կխոսի գիտական հայտնագործության մասին, որը ապացուցման կարիք անգամ չունի, և վերջում կասի իր փառահեղ խոսքը` "ոնց օր":
Էս էլ մեր Էդմոնդի առանձնահատկությունն ա:
***
Առավոտները մումիա դեմքով, ճանապարհին` հումորն անպակաս, մեր մոտ ոսկե միջին տրամադրությամբ Թագուհին առավոտները  միշտ քնած ա մնում: Նույնիսկ զարթուցիչը իր հետ չունի: Չնայած մեկ-մեկ ուշանալը նենց հավես ա: Այ դու ապրես, որ ինձ հավես պահեր ես պարգևում:
Ձայնիդ մասին էլ չխոսեմ: Ոչ մի միջոցառում առանց քո ձայնի օգնության չի լինում: Դարձել ես միջոցառումների թագուհի: Մնում ա թագը դնենք գլխիդ, ու մեր բոլորի ազատությանը վերջ կդրվի: Դրա համր էլ տենց սիրուն ու լավը մնա Թագուհի ջան, բայց առան թագի... լա՞վ.. )))
Երրորդ շարքի չորրորդ սեղանի մոտ նստած` դու հոյակապ "հարևանուհի" ունես:
***
Թագուհու "հարևանուհին" էլ մեր շատ նուրբ, շատ սիրուն, շատ զգայուն Սյուզաննան ա: Ճիշտ ա մեր Սյուզին էլ չի խոսում, բայց իր լռությունը ավելի շատ բան ա ասում իր մասին:
Սյուզ ջան, դու իմ համար բացառիկ նմուշ ես: Ոնց որ 21-րդ դարից չլինես, այլ ասենք վերածննդի դարաշրջանից: Հաաա, ես նկարիչ լինեի, քեզ նենց հավեսով կնկարեի:
Լսել եմ կյանքին վարդագույն ակնոցներով ես նայում: Կարող ա՞ դրա համար ես էդքան շատ դրական էներգիա արձակում:
Սյուզաննա ջան միշտ տենց լավը մնա:
***
Մեր նախկին սոխագլուխ Ազատուհին էլ ա շատ լավը: Նախ ասեմ, թե ինչի սոխագլուխ, իսկ հետո` ինչի նախկին: Ազայի գլխին մի ամբողջ տարի սոխի նման գնդիկ կար, այսպես ասած` կոս, իսկ այս տարի կոսից ոչինչ չի մնացել, դրա համար էլ նախկին սոխագլուխ ա դարձել:
Քո խնդրանքով ես քեզ Արևիկ եմ ասում: Ու իրոք դու ոնց որ արև լինես: Նույնիսկ, որ տխուր ես լինում, մեկա դեմքդ փայլում ա: Քո անունը ինձ թվում ա պիտի Արևիկ լիներ: Բայց մի րոպե, ախր քեզ Ազատուհին էլ ա շատ սազում: Հաա, իրոք... ես նենց եմ սիրում քո` դիմացինին միայն ուրախություն պարգևող ազատությունը:
Վերջ ես որոշեցի.... սրանից հետո դու իմ համար Արևիկ Ազատյանն ես:
***
Քչախոսների կամ ընդհանրապես չխոսողների շարքին ա դասվում մեր մյուս Սյուզաննան: Քչախոսությամբ նա հիմնականում տառապում ա ընդմիջմանը, իսկ մնացած ժամերին քչախոսությունը վերածվում ա երկարաժամյա լռության:
Սյուզ ջան, քո մեջ գիտես ինչն եմ ամենից շատը գնահատում` դիմացինին հասնելը: Հա, դու նենց նվիրվող մարդ ես: Քեզ այդքան էլ լավ չեմ ճանաչում, բայց էդ մեկը հասցրել եմ նկատել:
Սյուզ ջան, մի հատ նենց հավես բան եմ նկատել քո դեմքին: Հենց սկսում ես ամաչել կամ նման մի բան, ոչ թե ամբողջ դեմքդ ա կարմրում, այլ թուշիկներիդ վերևի մի պուճուր մասը: Ու էդ ժամանակ դու նմանվում ես նոր ծնված երեխու: Նենց եմ սիրում քո թուշիկների էդ հատկությունը:
Սյուզաննա ջան, քո "հարևանուհին" էլ ա քչախոս, բայց միայն քչախոս:
***
Մեր քչախոս Լիանան գոնե մեկ-մեկ խոսում ա: Ինչքան որ խոսել ա, ես էդքանով իրան հասցրել եմ ճանաչել: Հասցրել եմ իմանալ, թե ինչ զգայուն ու փխրուն սիրտ ունի մեր Լիանան: Էնքան անհեթեթ բաներից կհուզվի: Լիան ջան, արցունքներդ պահի նեղ օրվա համար:
Ինչքան ուզես, ինչ թեմայից ուզես Լիանայի հետ կխոսես, անվերջ, անդադար, բայց հենց պահը  գալիս  իրան ա հասնում, ինչ-որ մեկը ներսից չի թողնում, որ ինքը խոսա: Էդ պահին ներսինդ դառնում ա այսպես ասած քո չուզողը: Լիան ջան, արի դու հենց էդ պահերին խոսա էլի:
Օրինակ ես ուշադրություն չէի դարձրել, կողքից ասեցին ու նոր նկատեցի: Անցյալ տարի էդ ինչքան վատ լուրեր էիր մեզ բերում, ոնց որ գուժկան լինեիր: Իսկ էս տարի մի ուրախ, մի երջանիկ պահեր ես մեզ պարգևում. գուժկան Լիանայից վերածվել ես ավետաբեր Լիանայի:
***
Հենց ուղիղ Լիանայի դիմացն էլ նստում ա մեր դեմք Սվետլանան: Հաա, իրոք ինքը դեմք ա: Երկու անգամ Վաղարշապատ I- ից մինչև լռության մեջ հանկարծակի հնչող հումորներդ մեզ մի ամբողջ հավերժություն լավ տրամադրության մեջ կապահովեն:
Սվետ ջան, արի դու մի նեղացի, որ մենք քեզ "սվետաֆոր" ենք ասում: Վերջապես դու մեզ էդ երեք գույնի տրամադրությամբ էլ ապահովում ես: Համ էլ դու մեր անփոխարինելի ու անգին լույսն ես, որ դու նեղանաս ու գնաս, պիտի ստիպված կամ էլեկտրաէներգիայի կամ էլ մոմի վրա գումար ծախսենք.... բա դու խիղճ ունե՞ս:
Սըվ ջան, արի դու մի նեղացի ու միշտ մնա մեր կողքին: Համ էլ, որ դու գնաս, քո ու մեր հաջորդ մերոնքականի միջև վեճերը կդադարեն:
***
Իսկ հաջորդ մերոնքականը, ով յուրաքանչյուրիս հետ վեճի թեմա ունի, մեր լավ Տարոնն ա: Սուր միտքը անփոխարինելի սուր լեզվի հետ միշտ վեճերի մեջ շատ հետաքրքիր գունավորում ա մցնում: Առանց դրա վեճերն անհետաքրքիր ու կրկնվող կլինեին:
Չնայած վեճերը սիրուն բորբոքելը քո մոտ լավ ա ստացվում, բայց դրանք սիրուն կերպով հանդարտացնելը՝ ավելի լավ:
Իսկ ինչ վերաբերում ա քո նախագահ դառնալու ցանկությանը, ապա ես դեմ եմ: Չնայած տասնինի դեմ մի հատ դեմը ինչ պիտի անի... իհարկե ոչինչ: Դրա համար ես մի հատ էլ նախադասություն կասեմ ու կլռեմ: Ինձ թվում ա, որ նախագահին լավ հատկությունների հետ մեկտեղ կրկնակի անգամ շատ վատ հատկություններ են պետք: Էդ բնական ու սովորական երևույթ ա, ու չէի ուզի, որ քո մոտ էլ մի օր նախագահին բնորոշ հատկություններ ի հայտ գաին: Ես սիրում եմ մարդկանց թերությունները, բայց միայն այն այն դեպքում, երբ առավելությունները գերակայում են, իսկ թերությունները միայն շուրջը պտտվում՝ մեկ-մեկ հարձակվելով ու հիշացնելով, որ իրանք այստեղ են, որ իրանք քիչ են բայց իրանց մեծատառով Թերություն են ասում:
Տարոն ջան, տղես, ինչպես մի խաչ քո ուսին, դու քեզ հետ տանում ես մի մեծ լռություն:
***
Հենց այդ լռությունը ստեղծվել ա Տարոնի ու մեր նորեկ, չնայած արդեն հնեկ դարձած, Մարիամի միջև:
Մարիամ ջան, քեզ էս երկու տարվա մեջ երկու անգամ արդեն հասցրել եմ բացահայտել:
Առաջին անգամ՝ չխոսող, չշփվող, անտարբեր, չմերվող, դժվարըմբռնելի մարդ ես դու ինձ թվացել: Կարծես քեզ հետ շփվելու բոլոր ուղիները փակ լինեին:
Իսկ երկրորդ բացահայտմանս մեջ առաջինից ոչինչ չէր մնացել. խոսող, շփվող, հեշտըմբռնելի, հավես, հետաքրքիր, յուրօրինակ մարդ դարձար:
ՈՒղղակի ևս մի անգամ հասկացա, որ դիմացինին ճանաչելու համար պետք ա նրա հետ գոնե մի քիչ մոտիկից շփվել:
Դու արդեն դարձել ես մերը, մեր մի հատիկ բաղկացուցիչ մասը, լրացնող անդամը:
***
Մեր հաջորդ նորեկը, ով դեռ կես տարի ունի դառնալու համար հնեկ, քիչ-քիչ դառնում ա մերոնքական: Չնայած, երևի արդեն դարձել ա:
Զավեն ջան, նենց հավես ու միաժամանակ նենց անհասկանալի բնավորություն ունես: Հավես, որովհետև 6 ժամից գոնե 3 ժամը մեզ հետաքրքիր պահեր ես պարգևում: Անհասկանալի, որովհետև անսովոր ա բնավորությունդ: Զավեն ջան, տղա ջան, նյարդերդ խնայի: Նյարդային բջիջները մահանալուց հետո չեն  վերականգնվում: Հենց որ նյարդային բջիջներիդ սկսես խնայել, ամեն ինչ առանց վեճի ու առանց զոհերի կավարտվի:
Չնայած քո ծայրահեղ անսովոր բնավորությանը, դու արդեն մերն ես դարձել, մեր լրացուցիչ ու եզրափակիչ մասը, կարճ ասած դու դարձել ես մերոնքական:
***
Եվ ահա վերջին՝ քսաներորդ մերոնքկանը ես եմ: Իմ մասին հաստատ չեմ խոսի: Թող ես գաղտնիք մնամ ձեր համար:
***
Ահա քսան անհատականություն ու բոլորն էլ մերոնքական: Եթե մի օր մեզնից մեկը պակասում ա, մենք մեզ կիսատ ենք զգում, մի բան էն չի ստացվում:
Մեր "թերությունները" դարձել են մեր առավելությունները, ու էդ շատ լավ ա: Մենք բոլորով կարանք յուրաքանչյուրին խելագարության հասցնել, բայց մենք դա կանենք առանց չարության: Չնայած էդ խելագարության ճամփին կանգնածները կեսից հասկանում են, որ մենք էդ ամեն գժությունն ու խենթությունն անում ենք առանց չարության, հումորով ու կատակով: Դրա համար էլ այսօր ջղայնանում, վաղը բարիացած ու խելագարվելու անգիտակցական ակնկալիքով կրկին գալիս են մեր մոտ:
Մենք ունենք և' լիդերներ, և' ազատատենչեր, և' շաըախոսներ, և' քչախոսներ... ու էդ շատ լավ ա: Մենք ամեն մեկս գիժ ենք, ու մեր գժությամբ գունավորում ենք արդեն բազմանդամ դարձած մեր ընտանիքը: Մեր գժության լավն այն ա, որ մենք չենք վնասում դիմացինին, մենակ ուրախացնում ու լիքը հետաքրքրություն ենք առաջացնում:
Մենք միասին մի մեծ ուժ ենք, իսկ առանձին- առանձին վերցրած՝ հսկայական անհատականություն: Մեր աշխարհիկ շփումը՝ 8:30 նույն վայրում, նույն մարդկանց կողքին, մի օր կավարտվի, բայց այն հոգևորը, որը անհասանելի ա բոլորին, ոչինչ և ոչ ոք չի կարողանա բաժանել: ՈՒ դա ինձ շատ ա ուրախացնում:
Ես երջանիկ եմ, որ արդեն երկու տարի ա ապրում եմ այդ հրաշք ընտանիքում, որտեղ վերացած ա բացասականը, որտեղ միայն կա խենթություն ու հետքրքրություն: ՈՒ հենց այս ընտանիքն էլ ինձ ստիպում ա ամեն օր ներկա լինել հանդիպման վայրում, տեսնել ու շփվել նրանց հետ, վիճել ու ավելի լավ ճանաչել արդեն իմը դարձած ընտանիքիս բոլոր անդամներին:
***
Ընդամենը չորս պատ, մեկ դուռ և տասնմեկ սեղան իրենց զույգ աթոռներով: Եվս հինգ րոպե, և այս չորս պատի մեջ կտիրի լռություն, իսկ դրսում կլինենք մենք՝ մեր անհատականությամբ, խենթությամբ ու գժությամբ:
                                                                                                                                                 23.04.2014

































No comments:

Post a Comment