2 Feb 2019

Ավելի քաղցր

Ձեզնից քանի՞սն են սիրում քաղցր և ձեզնից քանիսի՞ կյանքն է անիմաստ դառնում առանց քաղցրի, քանի՞սն են ժամերով կորչում հրուշակեղենի խանութում` լցված լիքը գունավոր փայլփլուն թղթեր ունեցող կոնֆետներով, որոնք իրենց մեջ համերի թագավորության գաղտնիքներ են  թաքցնում, և այն կոնֆետներով, որոնք իրենց գաղտնիքները թաքցնելու ցանկություն էլ չունեն: Իմ պատմությունը կօգնի ձեզ ներթափանցել քաղցրեղենի աշխարհ տանող գաղտնի դռներից մեկով ու իրականությունը երազանքների գույներով տեսնել:

***

Ես Եվան եմ կամ ինչպես սիրում են ինձ ասել` Եվուկը: Իմ մասին խոսել ես նախատեսել էի 96 ամյակում, երբ զառամյալ ու կիսաքանդ ատամներով, թոռնիկներիս պատմելու էի, թե ինչքան արկածների միջով եմ անցել, ինչպիսի դժվար օրեր եմ հաղթահարել, ոնց եմ հազար անգամ գլխիս տալով ընտրել հենց իրենց պապիկին, թե քանի տոննա քաղցր եմ կերել ու  ոնց եմ հերոսաբար հասել այս օրվան, թեկուզ և անատամ:
Եվ այսպես Եվուկը Տրյուֆել պապիկին հանդիպեց մի առավոտ, երբ պատուհանից արևի շողքն ընկելով, փայլեցնում էր շոկոլադե փոշով պատված նրա բրգաձև մարմինը:
- Ո՞վ ես դու ...ըըը ... Եվ ինչու՞ ես այդքան մեծ,- զարմացած հարցրեց Եվուկը՝ վայելելով նրանից եկող շոկոլադի բուրմունքը:
- Ո՞վ եմ ես: Մի՞թե չես տեսնում, հիմա՛ր աղջիկ: Կարծես թե առաջին անգամ ես իմ պեսներին հանդիպում:
- Դե չէ: Ուղղակի նրանք քեզ պես մեծ չէին ու համ էլ ...ըըը … դե համ էլ քեզ պես չէին խոսում:
- Ես Տրյուֆելն եմ,- հպարտ կեցվածք ընդունելով ասաց նա,- կամ ինչպես քեզ պես անհամներն են սովոր ինձ կոչել՝ Տրյուֆել պապիկը:
- Ես հեչ էլ անհամ չեմ,- խոժոռվեց Եվուկը,- ի դեպ ես քաղցրի այնպիսի պաշար եմ կուտակել ներսումս, որ արյանս գույնը նույնիսկ փոխվել է,- կատակեց Եվուկը:
- Այո Եվուկ, ահա հենց դա էլ իմ այստեղ լինելու պատճառն է,- չարախնդալով մրթմրթաց նա,- հերիք է մայրիկն առաջին անգամ կոնֆետ նվիրի երեխային և ես հայտնվում եմ նրա թիկունքում ու թաքուն հետևում: Ես չեմ հայտնվում այն ժամանակ, երբ երեխան նոր կոնֆետի համար ժամերով լաց է լինում, չեմ հայտնվում նաև, երբ նա իր շոկոլադը ոչ ոքի հետ չկիսելով միայնակ վայելում է այն, ես ընդամենը համբերատար սպասում եմ: Ու միայն այն ժամանակ, երբ քաղցրակերությունը վերածվում է կախվածության ու երբ երակներում հոսող արյունը սկսում է փոխել իր բաղադրությունը, ես հայտնվում եմ ու՜ …
- Ու ինչ՞ …
- Ու նոր աշխարհի հետ ծանոթացնում,- Տրյուֆել պապիկը բարձր, սարսափեցնող ձայնով ծիծաղեց,- իսկ հիմա, հիմա՛ր աղջիկ, ինձ հետ ծանոթանալու քո ժամանակը եկել է:
- Մեկ րոպե, ասացիր, որ դու հայտնվում ես այն ժամանակ, երբ արյան բաղադրությունը փոխվում է: Ուրեմն ինչ է՞, իմ արյունը նույնպե՞ս …
- Իսկ ինչ էիր կարծում, գունային փոփոխությունը ընդամենը երևակայությու՞ն էր: Ո՜չ: Քո երակներում այլևս չի հոսում ծնողներիդ արյունը: Եվ ինչպես ասվում է հին մարգարեությունում. «… Ու քաղցրի հոգին կներխուժի մարդկանց մարմինները, կստիպի մտածել իր թելադրանքով և կլցնի նրանց ներսը իր ներկայությամբ: Կակաոյի աստվածը կվերակենդանանա յուրաքանչյուրի արյան մեջ՝ վերափոխելով էրիթրոցիտների, լեյկոցիտների ու թրոմբոցիտների պաշարները անուշաբույր կակաոյով ու շաքարեղեգի քաղցրությամբ...»
- Է՜յ, ինչե՞ր ես խոսում: Հա ու մեկ էլ քիչ շարժվիր, թե չէ ամբողջ հատակը փոշովդ է պատվում,- սրտնեղեց Եվուկը:
- Ի՞նչ … կարևոր չէ: Հե՛յ, հիմա՛ր աղջիկ, քո ամենանվիրական երազանքն այս պահից ի վեր իրականություն է:
Եվուկը չհասկացավ ինչ կատարվեց: Նա մի երկու հարց ուներ դեռ տալու, բայց շուրջը մթությամբ պատվեց ու հարցերը մտքի խաչմերուկներից կախված մնացին:
- Այս ի՞նչ աղմուկ է Ե՞վ … վա՜,- ննջասենյակի դուռը կտրուկ բացելով՝ հարցեց մայրիկը,- Հա՜, քնած ես դեռ: Հետո հայացք գցեց անկողնու կողքին դրված փոքրիկ սեղանին: Խնձորդ էլ չես կերել: Ախր երեկվանից սեղանիդ դրված էր: Լավ, քնիր, միևնույն է դու ու քո շոկոլադները … - Ու ցածրաձայն շարունակելով ինքն իրեն խոսել՝ դուռը փակեց հետևից:
Այն պահին, երբ Եվուկը զարթնեց, արդեն կեսօր էր: Նա ամբողջ կեսօր քնած էր անցկացրել, ու մայրիկը չէր հանել քնից: Ախր, դա նրա սիրելի գործն էր: Եվուկն անկողնում մի քիչ շուռումուռ եկավ, հետո վեր կացավ: Սեղանից վերցրեց շոկոլադով լեցուն ամանը ու ոտքերը ծուլորեն քստքստացնելով՝ դուրս եկավ ննջասենյակից:
- Մա՜մ … Մա՜մ … այ մա՜մ … Ախր ու՞ր ես կորել,- ինքն իրեն հարցրեց Եվուկը:
Հետո քայլեց դեպի խոհանոց ու քիչ էր մնում ընկներ, երբ խոհանոցի սեղանին դրված մրգամանի մեջ գունավոր թղթերով լիքը շոկոլադ գտավ: Ի՞նչ է, մայրիկը նախաճաշ էր պատրաստել իր համար, թե՞ իրեն էր ուզում փորձել. արդյոք կվերցնի շոկոլադ, թե՝ ոչ: Դրսից ավտոմեքենայի ձայն եկավ: Մի քանի վայրկյան անց դռան զանգը հնչեց: «Ահա և մայրիկը»,- մտածեց Եվուկը և ոտքերի տակ ընկող գիշերանոցով շտապեց դեպի դուռը: «Մա՜մ, ես շոկոլադին ձեռք չեմ տվել» խոսքերը լեզվի ծայրին էին, երբ բացեց դուռը: Մայրիկը չէր:
- Ո՞ վ եք դուք:
- Չե՞ս տեսնում,- և անծանոթը մատն ուղղեց դեպի վերնաշապիկի վերին աջ մասում գրվածքը:
Շագանակագույն վերնաշապիկի վրա դեղին տառերով գրված էր. «Քաղցր առաքիչ»:
- Միևնույն է, ոչինչ չհասկացա,- դեմքը ծամածռելով` ասաց Եվուկը:
- Ի՞նչ կա չհասկանալու: Դուք քաղցրեղեն եք պատվիրել երկու օրվա համար, իսկ ես առաքել եմ: Ամեն ինչ բերել եմ՝ շոկոլադե սալիկներ, կոնֆետներ՝ տարբեր միջուկներով, այստեղ կա ծիրանի, դդմի միջուկով, օ՛հ, նաև սալորաչրով ու էլի մի քանի տեսակ միջուկներով: Հա, լավ է չմոռացա: Սա էլ մարմելադներն ու զեֆիրը:
- Կներեք, պարոն «Քաղցր առաքիչ», բայց վստահ եմ, որ դուք սխալվել եք: Ես ոչինչ չեմ պատվիրել…
- Ի՞նչ է, մենա՞կ եք ապրում, ձեր մայրը որտե՞ղ է կամ ...
- Ճիշտն ասած ես էլ եմ նրան փնտրում:
Առաքիչը տարօրինակ դեմք ընդունեց:
- Դե նկատի ունեմ, որ մայրիկն առավոտյան ինչ-որ տեղ է գնացել ու դեռ չի վերադարձել: Բայց նրա փոխարեն հանգիստ կարող եմ ասել, որ բացի մրգերից ու հատկապես խնձորից, ինչը, ի դեպ, ես տանել չեմ կարողանում, ոչինչ չէր պատվիրի:
- Երանության փողոց 18 տունը ձերը չէ՞:
- Մերն է:
- Դե, տեսնում ես, պատվերը ճիշտ հասցեով եմ բերել: Չգիտեմ, թե մտքիդ ինչ կա, բայց պատվերը վերցրու, ու ես գնամ: Ես միայն ձեր տան առաքիչը չեմ:
- Հըմմ … բայց ես գումար չունեմ:
- Գումա՞րն  ինչ ես անում:
- Ոնց թե, որ վճարեմ…
- Խելքդ թռցրե՞լ ես: Դու քո ողջ կյանքում, ե՞րբ ես քաղցրեղենի համար վճարել: Ցտեսություն, պստիկ:
«Լրիվ խելքները թռցրել են էս քաղաքի բնակիչները»,- մրթմրթաց առաքիչը ու քայլեց դեպի իր մեքենան:
Մի քանի վայրկյան Եվուկը քարացած մնաց իր տեղում ու նայեց դռան շեմին դրված տոպրակներին, հետո բղավոցի պես մի բան դուրս եկավ բերանից.
- Ես պստիկ չեմ,- ու դուռը փակեց ետևից:
Եթե սա խաղ էր, որում մայրիկը ներքաշել էր Եվուկին, ապա ինքը հեչ էլ դեմ չէր ամեն օր քաղցրեղենի նման չափաբաժին ուտելուն: Բայց խաղի ավարտն իրեն վախեցնում էր: Գուցե մայրիկն ուզում էի իրեն քաղցրակերության համար մի լավ պատժել, կամ էլ այնպես անել, որ այսուհետ քաղցրից հրաժարվեր՝ իհարկե ամոթի զգացումից դրդված, ու միայն միրգ ուտեր: Եվուկն ինչքան մտածում էր, այնքան ավելի էր խճճվում: Ամեն ինչ այնքան անիրական էր և միևնույն ժամանակ՝ այնքան շոշափելի, որ նրան թվաց՝ անցյալն ուղղակի երազ էր, իսկ ներկան՝ միակ իրականությունը: Եվուկն արագ փակի տակ դրեց բոլոր այն մտքերն ու վախերը, որոնք խոչնդոտում էին շոկոլադ ուտելու ճանապարհին և սկսեց տեսակավորել առաքված քացրավենիքը: «Իսկ եթե մայրիկը հենց հիմա ներս մտնի ու … ,- մտածեց նա,- հե՛յ, դուք փակի տակ գտնվող մտքերից եք, արագ գնացեք ձեր տեղը»,- ինքն իր վրա բարկացավ Եվուկը:
- Կակաոյի աստվածը վկա, ես երբեք այսքան շոկոլադ միանգամից չեմ ունեցել…
- Եվու՞կ… տա՞նն ես…
- Մայրի՞կ:
- Փաստորեն արդեն զարթնել ես: Ու շատ էլ լավ ես արել: Արդեն նախաճաշե՞լ ես:
- Դեռ չէ, մամ,- վախեցած ձայնով ասաց Եվուկը,- այդ ի՞նչ է ձեռքիդ:
- Տաք շոկոլադ եմ քեզ համար բերել, դե, որ նախաճաշես:
- Բայց ամեն առավոտ դու ինձ թեյ ես տալիս:-
- Թե՞յ: Մենք տանը երբեք թեյ չենք ունեցել: Իսկ այ կակաո ունենք: Գուցե պետք էր կակաո՞ պատրաստել ու ոչ թե տաք շոկոլադի ետևից գնալ,- սրտնեղեց մայրիկը:
Եվուկն ընկավ մտածմունքների մեջ: Ի՞նչ էր եղել մայրիկին: Թարս ոտքի վրա էր զարթնել, թե՞ 21-րդ դարի վերջին հայտնագործությունը եղել էր մրգերի անպիտանության ու շոկոլադի անսահման օգտակարության մասին:
- Դե լավ, վաղն անպայման կակաո կպատրաստեմ,- Եվուկի մտքերն ընդհատելով ժպտաց մայրիկը,- Իսկ հիմա նախաճաշիր, քանի տաք շոկոլադդ չի սառել:
- Մամ, դու երկու օրվա քաղցրեղեն պատվիրե՞լ էիր, ինձ թվում է  հասցեն շփոթել էին:
- Օօօ՜, արդեն բերել են: Ինչ պարտաճանաչ են: Ոսկե եռանկյունի ուզեցի՞ր առաքչից:
- Ինչ ուզեցի՞:
- Ոսկե եռանկյունի:
- Դա ինչի՞ս էր պետք:
- Ոնց թե … Մեկ շաբաթ առաջ հեռուստատեսությամբ հայտարարեցին, որ քաղաքապետը մրցույթ է հայտարել. «Այսօրվանից սկսած, ցանկացած շոկոլադի առաջին առաքման դիմաց կստանաք Ոսկե եռանկյունի: Այն ձեզ հնարավորություն կտա մասնակցել իր նմանը չունեցած մրցույթին: Հաղթողը կստանա մուտքի հնարավորություն իմ նստավայր և, որ ամենակարևորն է, անվճար կհամտեսի Շոկոլադե Գնդիկից: Այո, այո, դուք ճիշտ լսեցիք Շոկոլադե Գնդիկից ու միանգամայն անվճար»:
- Ի՞նչ է,- ֆռթցնելով տաք շոկոլադից՝ հարցրեց Եվուկը,- մենք չե՞նք կարող հենց շոկոլադե գնդիկ պատվիրել, այսինքն էլ մրցույթի չմասնակցել:
- Լավ չե՞ս քնել գիշերը,- ծիծաղեց մայրիկը,- իհարկե ոչ: 90 տարի առաջ մեր քաղաքը ներքին պատերազմի մեջ մտավ: Քաղաքը բաժանվեց Արևելյանի ու Արևմտյանի: Արևելյան հատվածում մնացին մրգակերները, իսկ Արևմտյանում մնացինք մենք: Միայն 30 տարի առաջ մեր քաղաքապետը օրենք ընդունեց ցանկացած քաղցրավենիքի տեսակ անվճար դարձնելու մասին: Այդ օրվանից ի վեր նույնիսկ առաքումն է անվճար դարձել: Հասկանում ես, Եվուկ, ցանկացած շոկոլադ, զեֆիր ու մարմելադ կատրյալ անվճար դարձավ, բացի մեկից...
- Շոկոլադե Գնդիկից …
- Հենց էդպես:
- Բայց ինչի՞ համար: Որն էր նպատակը: Ինչ-որ յուրահատկությու՞ն կա նրա մեջ, որ մյուս շոկոլադները չունե՞ն:
- Դրա համար պատմության դասերին պետք է ուշադիր լինեիր ու ոչ թե քնեիր:- Խիստ տոնով վրա բերեց մայրիկը: Բայց հետո նախկին ոգևորվածությամբ շարունակեց: - Ասում են` Շոկոլադե Գնդիկի նույնիսկ մեկ կտորի մեջ կարող ես զգալ ամբողջ աշխարհի լավագույն շոկոլադների համերը: Պատմում են, որ մարդիկ համերի թագավորության գաղտնիքներն են բացահայտում ու տիրանում դրանց: Մարդիկ այդպիսի երանության համար պատրաստ են միլիոններ վճարել, ահա՝ ինչի համար է այն այդքան թանկ ու անհասանելի: Ամեն մեկն իրեն նման շռայլություն չի կարող թույլ տալ: Մեզ մնում է միայն երազել ու պատկերացնել նրա համը, բայց շոշափել ու համտեսել այն չենք կարող:
- Լավ, էդ դեպքում արի էլի պատվիրենք շոկոլադ ու այս անգամ առաքչից կվեցնենք Ոսկե եռանկյունին:
- Հենց դրանում է խնդիրը, որ մենք էլ չենք կարող վերցնել: Ոսկե եռանկյունին գործում է միայն առաջին պատվերի դեպքում:
- Ի՞նչ են իմանալու, թե մենք որերոդ անգամ ենք պատվիրում:
- Շատ խելոքն ես: Եթե այդպես լիներ, բոլորն էլ կարող էին խաբել ու ամեն պատվերից Ոսկե եռանկյունիներ հավաքել: Քեզ պես խելոքների համար, նրանց մոտ յուրաքանչյուր այց գրանցվում է:
- Բայց չէ որ առաքիչը պարտավոր էր Ոսկե եռանկյունին փոխանցել: Պետք է գտնել նրան:
- Գոնե անունը հիշու՞մ ես:
- Չէէ … միայն հիշում եմ վերնաշապիկի գույնը ու դեղին տառերով «Քաղցր առաքիչ» գրվածքը:
- Հիանալի է: Դու հիշում ես վերնաշապիկի այն գույնը, որից ունեն բոլոր «Քաղցր առաքիչ» ընկերության առաքիչները: Դու գերազանցում ես քեզ:
- Բայց բոլորի միջից կարող եմ տարբերել այդ առաքչին, ես հիշում եմ  նրա դեմքն ու գլխից մեծ փորը,- ծիծաղեց Եվուկը:
- Ինքն էլ հաստատ քեզ է հիշում՝ քո գլխից մեծ թշերը,- ծիծաղելով ավելացրերց մայրիկը:
Ոսկե եռանկյունիներից միայն մեկի մեջ էր գտնվում Շոկոլադե Գնդիկի կեղծ նմուշը: Եվ ում մոտ հայտնվեր այն, նա էլ կդառնար հաղթողը: Ոսկե եռանկյունին Շոկոլադե Գնդիկին հասնելու բանալին էր, որը Եվուկն անպայման ուզում էր ձեռք բերել:  Նա համացանցից ձեռք բերեց «Քաղցր առաքիչ» ընկերության մասին բոլոր մանրամասները ու տաք շոկոլադից մի վերջին կում արեց՝ բաժակի հատակին մի քիչ թողնելով (Եվուկի սովորությունն էր՝ ոչինչ չվերջացնել):
- Գնացի, մա՜մ :
- Հիշիր, որ մեր Ոսկե եռանկյունին գտնելը, դեռ չի նշանակում հաղթել:
- Իսկ, եթե մերը չգտնեմ, այլ՝ ուրիշի՞նը,- չարախնդալով ծիծաղեց, բայց մայրիկի դեմքը տեսնելով՝ ավելացրեց,- Դե լավ կատակ եմ անում: Մա՛մ, ես եմ հաղթելու, վստահ եղիր, այս քաղաքում  բոլորից շատ ես եմ շոկոլադ սիրում: Էնպես որ թռա:
- Էհ, անուղղելի քաղցրակերիկ: Շատ չուշանաս, ընթրիքին քեզ եմ սպասելու: Սեղանին անակնկալ ես գտնելու:
Եվուկը վերցրեց ուսապարկն ու դուրս վազեց: Քաղաքում աշխարհի ամենագեղեցիկ, ամենանանուրբ ու քնքուշ եղանակն էր: Եվուկը հազիվ թե լսեր թռչունների խոսակցությունը, քանի որ ականջակալներն այլ երգ էին երգում: Բայց զգում էր՝ ինչպես է զեփյուռը խաղում իր ոսկեգույն մազերի հետ, զգում էր նաև արևի ճառագայթների հպումը՝ դեմքին նոր հայտնվող պեպեններին: Եվուկը քաղաքին ծանոթ էր, հաճախ էր գարնանային երեկոներին չափչփում փողոցներում, իհարկե, գրեթե միշտ ականջակալներով: Այս անգամ նա միացրեց «Ուշացող մարդու համար» բաժնի երգերն ու շտապ քայլելով սկսեց հաղթահարել Երանության փողոցի թեքությունը: Այն քաղաքի ամենաերկար փողոցն էր, որի վրա գտնվում էին ողջ քաղաքի ամենահամեղ քաղցրեղենի խանութները: Զարմանալի չէր, որ հենց այդտեղ էր իր գրասենյակը բացել «Քաղցր առաքիչ» ընկերությունը:
Երբ տանից դուրս գալուց անցել էր մոտավորապես 35 րոպե, Եվուկը կանգ առավ, գլուխը բարձրացրեց վեր ու կարդաց. ««Քաղցր ընկերության» գլխավոր մասնաշենք», իսկ ավելի ներքևում` շրջանակի մեջ՝ «Երանության փողոց 318»»: Եվուկն արագ բացեց փայտյա դուռը, որը տեղ-տեղ  ներկված էր դեղին գույնով, ու բախվեց փափուկ մի բանի:
- Հե՜յ, ոտքերիդ տակ նայիր, պստի՛կ:
- Այդ դուք զգույշ եղեք ձեր փորից,- ետ-ետ գնալով վրա բերեց Եվուկը:
- Իմ փորին ինչ է եղել, բոլոր նորմատիվային փաստաթղթերին համապատասխանում է,- փորն ուսումնասիրելով՝ ասաց նա:
Եվուկը մի քանի վայրկյան էլ նայեց նրա փորին, հետո գլուխը բարձրացրեց վեր ու բացականչեց.
- Օյ, այդ Դուք եք, ճիշտ պահին դիմացս դուրս եկաք: Ես էլ Ձեզ էի փնտրում:
- Ե՞ս քո ինչին եմ պետք:
- Դուք «Քաղցր առաքիչը» չե՞ք:
- Այստեղ բոլորն են «Քաղցր առաքիչ», պստի՛կ:
- Գիտեմ: Ու հերիք է ինձ պստիկ ասեք: Ես պստիկ չեմ: Այդ Դուք եք հսկա:
- Լավ, կաշխատեմ մոտակա հինգ րոպեն քեզ պստիկ չասել: Ասում ես, ինչի՞ էիր ինձ փնտրում:
- Դուք այս առավոտ մեր բնակարան երկու օրվա քաղցրեղեն էիք առաքել, ու դա մեր առաջին պատվերն էր: Ասածս էն ա, որ դուք մոռացել եք տալ մեր Ոսկե եռանկյունին:
- Այդ դուք եք մոռացել ուզել ձեր Ոսկե եռանկյունին: Իմ պարտականությունների մեջ չի մտնում հիշեցնել ձեզ, որ ցանկանում եք մրցույթի մասնակցել:
- Գոնե հարցնել կարելի էր, չէ՞: Լավ, մոռացել եք, դեռ ոչինչ: Հիմա տվեք այն:
- Գժվե՞լ ես, ինձ մոտ ինչ գործ ունի քո Ոսկե եռանկյունին: Ճիշտ ժամանակին ուզեիր` տայի, իսկ հիմա շատ ուշ է:
- Ինչպես թե ուշ է: Եթե ձեր մոտ չէ, ապա ու՞մ մոտ է:
- Նայիր,- ասաց առաքիչը` գրպանից մի բան հանելով,- սա Ոսկե եռանկյունիներից մեկն է, տանում եմ 105 տան բնակիչներին: Եթե նրանք ուզեն Ոսկե եռանկյունի, ապա ես համապատասխան ծրագրով կնայեմ՝ արդյոք նրանք առաջին անգամ են պատվիրում, թե` ոչ, և եթե այո, ուրեմն կտամ նախապես գրանցված համարով Ոսկե եռանկյունին: Յուրաքանչյուր եռանկյունու վրա թվային նշագրում կա: Իսկ եթե նրանք չեն վերցնում Ոսկե եռանկյունին կամ մոռանում են, ապա դրանք ուղղվում են Քաղաքապետարան: Այ թե ինչ է այնտեղ արվում դրանց հետ, ես տեղյակ չեմ: Իսկ հիմա ինձ կներես, ես ուշանում եմ առաքումից:
- Գոնե կարո՞ղ եք նայել իմ Ոսկե եռանկյունու համարը: Երանության փողոց, 18 տուն:
- Հա, իհարկե, հիմա: Նայում ենք … նայում ենք … ահա… 969:
Ու Եվուկն այնպես արագ հեռացավ, որ մոռացավ բանալի բառը` «Ապրեք»-ը:
Նա հաղթահարում էր փողոցների թեքությունները ու ինքն իրեն վերլուծում իրավիճակը: Ինչի՞ համար էին քաղաքապետարան ուղղվում ավելացած Ոսկե եռանկյունիները, ի՞նչ էր նրանց հետ կատարվում: Հիմա միայն մի բան գիտեր` իր եռանկյունու համարը:
Ոչ մի քաղաք չէր կարող հպարտանալ այդքան գեղեցիկ շենքով, ինչպիսին այստեղի Քաղաքապետարանն էր: Այն հսկայական գլան հիշեցնող կառույց էր` ամբողջությամբ ապակիներով պատված: Հիասքանչ էր նայել հատկապես այն ժամին, երբ մայր մտնող արևի շողքերն արտացոլվում էին ապակիների մեջ ու ստեղծում եռաչափ շարժվող պատկեր: Բայց երբ Եվուկը հասավ, արևը միտք էլ չուներ մայր մտնելու:
Ներսում ամեն ինչ այդքան էլ այլ չէր. ապակեպատ հարկաբաժիններ, դռներ ու շոկոլադի բուրմունք: Հատակը նույնպես ապակեպատ էր, բայց յուրաքանչյուր քառակուսու մեջ մեկ շոկոլադ կար դրված, որոնք բերված էին աշխարհի տարբեր ծայրերից: Դրանցից ոչ մեկը չէր կրկնում մյուսին: Ու նայելն արդեն իսկ հիասքանչ էր:
Եվուկի ուշադրությունը գրավեց հսկայական թղթապանակով մարդուկը, ով ինչ-որ տեղ էր շտապում: Եվուկը նրան հարցրեց, թե ինչպես կարող է քաղաքապետին հանդիպել, իսկ մարդուկը իրեն դեպի վերին հարկն ուղեկցեց, ուր և ինքն էր շտապում: Սենյակը նման չէր մյուսներին: Ապակիները մգեցված էին, իսկ ներսում մեկ սեղանից և մեկ եռանկյունի աթոռից բացի, ուրիշ ոչինչ չկար: Մարդուկը թղթապանակը դրեց սեղանին ու շտապով դուրս վազեց: Եվուկն ավելի արագ միայնակ մնաց, քան հասցրեց անգամ մի բառ ասել: Սենյակի լռությունը ընդհատվեց աթոռի պտտման ճռռոցով:
- Ի՞նչ հարցով եք ինձ մոտ,- թղթապանակը բացելով` ծորուն ձայնով հարցրեց քաղաքապետը:
- Անձնական,- վստահ  ձայնով պատասխանեց Եվուկը:
- Այդ դեպքում դիմեք քարտուղարիս: Ի դեպ ինչպե՞ս հայտնվեցիք իմ սենյակում:
- Կարծում եմ ձեր քարտուղարի միջոցով: Նա ինձ ուղորդեց ձեզ մոտ: Ինքս նույնպես կարծում եմ, որ միայն դուք կարող եք ինձ օգնել:
Քաղաքպետը գլուխը բարձրացրեց, նայեց Եվուկին ու բացականչեց.
- Ա՜խ, այդ դու ես, հիմա՛ր աղջիկ:
- Տրյուֆել պապի՞կ: Դու՞ք եք քաղաքապետը: Ինչ լավ է ձեզ հանդիպեցի: Այ հիմա ոչ միայն կարծում եմ, այլև վստահ եմ, որ միայն Դուք կարող եք ինձ օգնել:
Ու Եվուկը պատմեց իր, առաքչի ու Ոսկե եռանկյունու մասին: Սկզբում Տրյուֆել պապիկի դեմքն առույգ էր, իսկ պատմության ընթացքում այն սառը, ոչինչ չասող արտահայտություն ստացավ: Եվ երբ Եվուկը պատմության վերջում տվեց իր վերջնական հարցը, նրա դեմքին նայել արդեն չէր լինում:
- Կարո՞ղ եք օգնել վերադարձնել իմ Ոսկե եռանկյունին:
Տրյուֆել պապիկը վեր կացավ իր եռանկյունաձև աթոռի վրայից ու ժպտալով մոտեցավ Եվուկին, ձեռքը դրեց նրա ուսին և բերանը լայն բացելով ասաց.
- Սիրելի՜ս: Որքան ճանապարհ ես կտրել ինձ հասնելու համար: Ես գնահատում եմ քո ջանքերը՝ Ոսկե եռանկյունիդ վերադարձնելուն ուղղված, բայց ցավով պետք է նշեմ, որ դա անհնար է: Այստեղ ուղարկված ամեն եռանկյունի չեզոքացվում է ու վերացվում: Պատկերացնու՞մ ես, եթե մրցույթին չմասնակցած յուրաքանչյուր ընտանիքի Ոսկե եռանկյունին պահվեր քաղաքապետարանում, եռանկյունիների մի հսկայական բուրգ կգոյանար ու կձգվեր մինչև Շոկոլադե Գնդիկը: Լավ, մոռացիր, դա կարևոր չէ: Սիրելիս, ես այդպիսի մրցույթ ուրիշ անգամ կրկին կկազմակերպեմ, և դու նույնպես հնարավորություն կստանաս մասնակցելու: Իսկ հիմա գնա տուն, իսկ ներքևում աշխատողներին խնդրիր քեզ քաղցրեղեն հյուրասիրել, ցտեսություն,- դեպի դուռն ուղեկցելով ու ետևից շխկացնելով` ասաց Տրյուֆել պապիկը:
«Այս աղջկանից էլ ազատվեցի»,- մտածեց նա ու քայլեց դեպի իր աթոռը:
Եվուկն ապակեպատ աստիճաններով իջնում էր առաջին հարկ, երբ քիչ էր մնում բախվեր մի սայլակի: Եվուկն աչքերը լայն բացեց ու ապշած նայեց սայլակի պարունակությանը: Անհավատալի էր: Այն ամբողջությամբ լցված էր Ոսկե եռանկյունիներով: Մի քանիսը մոտիկից զննեց: Ոչ մեկն իրենը չէր: Տեսնես ու՞ր են տանում այս սայլակը: Եվուկը մտքերի մեջ էր, երբ սայլակին մի մարդ մոտեցավ: Նրա մազերը բիզ-բիզ էին կանգնած, որը հակասում էր նրա լուրջ դեմքին ու սև ակնոցներին:
- Ի՞նչ գործ ունես այս սայլակի մոտ: Հեռու՛ գնա, քանի քեզ դուրս չեմ շպրտել շենքից:
- Բայց ինչու՞ եք բարկանում: Քաղաքապետը հատուկ խնդրել է, որ ինձ քաղցրեղեն հյուրասիրեք,- ժպտաց Եվուկը:
Բիզ-բիզ մազերով շատ լուրջ մարդու դեմքի արտահայտությունը փոխվեց կամ էլ Եվուկին այդպես թվաց, թե փոխվեց:
- Չգիտեմ` ինչ քաղցրեղեն է պահանջել, որ քեզ տամ, բայց ինձ մոտ միայն մի փոքրիկ տուփ կա,- և գրպանից այն հանելով` փախանցեց Եվուկին:
Տուփը թափանցիկ էր` կարծես ապակուց լիներ, և նրա միջից նշմարվում էր փոքրիկ ուղղաթիռ հիշեցնող շոկոլադ: Այն աչք էր շոյում ու կարծես ասում էր` կեր ինձ: Եվուկը շնորհակալություն հայտնեց և հրաժեշտ տվեց:
Եվուկը շոկոլադե ուղղաթիռը գրպանը դրեց ու սպասեց մինչև լուրջ դեմքով մարդը մի քիչ հեռանա: Հետո հետևեց նրան: Երկու րոպե էլ չէր անցել, երբ բիզ-բիզ մազերով մարդը կանգ առավ մի դռան մոտ, որը կաշեպատ էր և նման չէր մյուս դռներին: Նա նայեց շուրջբոլորը, ապա ձեռքը մեկնեց դեպի դռնից ձախ գտնվող ցուցանակի վրա դրված սադափե զարդատուփը: Եվուկի մտքով էլ չէր անցի, որ այն թանգարանային նմուշ չէ և որ ուղղակի դրված է ցուցադրության համար` ձեռք չտալու պայմանով: Լուրջ դեմքով մարդը ինչ-որ բան հանեց այնտեղից ու բացեց կաշեպատ դուռը: Այնուհետև բանալին կրկին դրեց սադափե զարդատուփի մեջ ու, սայլակը հրելով, ներս մտավ: Եվուկը չհասցրեց ոչինչ տեսնել դռան բացվածքից, որովհետև այն արագ փակվեց: Նա որոշեց մի քիչ սպասել: «Տեսնես ի՞նչ կգտնեմ այնտեղ»` մտածում էր Եվուկը:  
Տասը րոպե անց դուռը կրկին բացվեց ու փակվեց: Բիզ-բիզ մազերով լուրջ դեմքով մարդը քայլեց և անհայտացավ միջանցքների լաբիրինթոսում: «Դե Եվուկ, գործելուդ ժամանակը եկավ»,- ինքնիրեն ասաց Եվուկն ու քայլեց դեպի կաշեպատ դուռը: Նայեց շուրջը: Ոչ ոք չկար: Ձեռքը տարավ դեպի սադափե զարդատուփը, հանեց բանալին ու մտցրեց կաշվե դռան կողպեքի մեջ: Երկու անգամ պտտեց ձախ ու դուռը հրեց դեպի ներս: Հետո մտավ ներս՝ դուռը ետևից փակելով: Իսկ այն ինչ տեսավ իր առջևում, ուղղակի անհավատալի էր. գլուխը կորցնելու չափ շատ իրար վրա դարսված Ոսկե եռանկյունիներ: Եվուկը հետևեց, թե մինչև ուր է հասնում այդ հսկայական բուրգը ու գլուխը ետ ընկնելու չափ վեր բարձրացրեց: Բուրգը ձգվում էր մինչև առաստաղ, որից կախված էր, ուղղակի անհավատալի՜ է, մի մեծ գունդ: Եվուկը երբեք չէր տեսել այդպիսին, բայց հեշտ էր գլխի ընկնել, որ դա հենց Շոկոլադե Գնդիկն էր: Նրա աչքերը պսպղացին, իսկ բերանը բաց մնաց այնքան ժամանակ, մինչև մի եռանկյունի ցած ընկավ ուղիղ ոտքերի մոտ: Եվուկը սկսեց փնտրել իր եռանկյունին: Հանկարծ նրա մտքին եկան Տրյուֆել պապիկի խոսքերը. «Պատկերացնու՞մ ես, եթե մրցույթին չմասնակցած յուրաքանչյուր ընտանիքի Ոսկե եռանկյունին պահվեր քաղաքապետարանում, եռանկյունիների մի հսկայական բուրգ կգոյանար ու կձգվեր մինչև Շոկոլադե Գնդիկը ...»: Փաստորեն այս ամենի հեղինակը նա է: Այդ բարի ու քաղցր ժպիտի տակ թաքնված էր ողջ քաղաքի ամենաչար պապիկը: Նա մրցույթ էր հայտարարում ու միևնույն ժամանակ խաբում բոլորին: Բայց ինչի՞ համար: Ո՞րն էր նրա շահը: Միևնույն է, ոչ ոք Շոկոլադից չէր փորձելու ու նոր կտոր գնելու ցանկություն չէր առաջանալու: Իսկ եթե սա մտածված մի խաղ էր, խաղ՝ մարդկանց գլխի մեջ բզբզալու, անհասանելին հասանելի դարձնելու մոլուցքով մարդկանց վարակելու, իսկ մոլուցքը գլխի մեջ խառնաշփոթ էր առաջացնելու, երակներում արյունը եռալու էր ու պահանջելու՝ հասանելի քաղցրով չբավարարվել և ձգտել ավելի քաղցր մի բանի՝ Շոկոլադե Գնդիկի: Տրյուֆել պապիկն այնքան լավ էր մտածել ողջ ընթացքը: Նրան հաջողվել էր սուտ մրցույթ ստեղծել, իսկ վերջում այս սենյակում հավաքված անպիտան Ոսկե եռանկյունիներից մեկը կվերցներ, կհայտարարեր որպես հաղթող եռանկյունի, ինչ-որ մեկին կստիպեր ասել, թե ինքն է հաղթել ու հետո կանհետացներ քաղաքից: Հոյակապ պլան էր: Իսկ Եվուկն ընկել էր ծուղակը: Ամեն ինչ կտար Տրյուֆել պապիկի սուտը բացահայտելու համար, բայց Շոկոլադե Գնդիկից եկող բուրմունքն այնպես էր տարածվել, որ Եվուկն անզոր էր որևէ այլ քայլ ձեռնարկելու: Նա մագլցում էր բուրգն ի վեր՝ տենչալով գեթ մի կտոր փորձել համերի թագավորության այդ Գնդիկից: Ընդամենը մի կտոր և նա կլքեր այս սենյակը, ասես ոչինչ էլ չէր եղել: Եվուկն իր գրպանում ապակի հիշեցնող փաթեթավորմամբ շոկոլադե ուղղաթիռ ուներ, բայց դա նրան հերիք չէր, նա ավելին էր ուզում, ավելի քաղցր, ավելի ու ավելի քաղցր …
Այն պահին, երբ Եվուկը հասել էր բուրգի գագաթին և ձեռքը մեկնել Շոկոլադե Գնդիկին, սենյակի դուռը կտրուկ բացվեց, ու Եվուկի ոտքը քիչ էր մնում սայթակեր: Գագաթից մի քանի եռանկյունի ցած ընկավ, և հենց նոր սենյակ մտած լուրջ դեմքով մարդը Տրյուֆել պապիկի հետ միասին վերև նայեց: Եվուկն այլևս թաքնվելու ժամանակ չուներ: Նրան նկատել էին: Տրյուֆել պապիկը վրայից թափ տվեց ողջ փոշին ու բարկացած գոռալով՝ սկսեց մագլցել բուրգն ի վեր: Եվուկը բանի տեղ էլ չդրեց նրան ու փորձեց մագլցել Շոկոլադե Գնդիկի վրա: Ոչ մի կերպ չէր ստացվում: Նա չէր ուզում հանձնվել, ուզում էր անպայման մի կտոր փորձել: Եվ նա որշեց պոկել մի կտոր ու բուրգի հակառակ կողմով ցած վազել: Եվուկը կախվեց Շոկոլադե Գնդիկից, մեծ դժվարությամբ մի կտոր պոկեց ու սկսեց ցած սլանալ: Ճանապարհին շոկոլադը դրեց բերանը ու մի պահ կանգ առավ: Համը հիասքանչ չէր, ինչպես նա սապասում էր: Այն ամենևին էլ նրբահամ ու քաղցր չէր: Որքան էլ զարմանալի էր, Եվուկն արյան համ առավ, որը հաղթում էր բոլոր դառնահամերին: Երբ սկսեց ծամել այն, նրա սրտի զարկերը դանդաղեցին, իսկ երբ կծած կտորն արդեն կերակրափողով սլանում էր ներքև, Եվուկի սիտը կանգ առավ:  Մինչ Եվուկի առջև ամեն ինչ մթությամբ կպատվեր, նա լսեց առաստաղից Շոկոլադե Գնդիկի պոկվելու ձայնը: Քիչ անց զգաց նաև ցավոտ մի հպում ուղիղ ճակատին…
- Ա՜խ …,- բացականչեց Եվուկը՝ ճակատը տրորելով:
- Եվու՞կ ,- կտրուկ դուռը բացելով՝ ներս մտավ մայրիկը,- ինչու՞ ես գետնին ընկած: Ի՞նչ ձայներ են: Ի՞նչ է վատ երազ ես տեսել ու անկողնուց ընկե՞լ:
- Մա՞մ, ինչպե՞ս հայտնվեցի տանը:
- Եվուկ, այսօր շաբաթ է, և դու էլ տանն ես: Դե լավ վեր կաց, լվացվիր ու իջիր նախաճաշելու, չնայած արդեն կեսօրն անց է…
Եվուկը նայեց հեռացող մայրիկի ետևից, հետո՝ շուրջը: Ամեն ինչ նույնն էր: Թափթփված անկողին, փոքրիկ սեղան ու ուրիշ ոչինչ: Իսկ գետնին ընկած էր կանաչ մի խնձոր: Եվուկը վերցրեց խնձորը, փչեց ու դրեց փոքրիկ սեղանին: Մի քանի րոպե կանգնած մնաց:
- Ի՜նչ լավ է ինձ ազատեցիր այդ աշխարհից,- խնձորին նայելով ասաց Եվուկն ու աստիճաններով ցած իջավ:
Մայրիկը խոհանոցում էր: Թեյ էր լցնում բաժակների մեջ: Սեղանին բանջարեղենով սալաթ էր դրված, իսկ մրգամանի մեջ մրգերի հրավառություն էր…












No comments:

Post a Comment