12 Jul 2020

Օր է լինում


Օր է լինում
Ես ծնվում եմ առավոտյան
Որ մահանամ հենց կեսօրին
Առանց խոսքի ու բողոքի
Առանց երեկոյան ոտնահետքի
Առանց քեզնից հիշողության
Միայն ներկան, ներկան, ներկան

Օր է լինում
Ես ծնվում եմ առավոտյան
Որ մահանամ երեկոյան
Առանց խոսքի ու բողոքի
Առանց լուսնից կախյալ զրույցների
Առանց ինձնից հիշողության
Վաղվա, վաղվա, վաղվա օրը միայն

Օր է լինում
Ես ծնվում եմ առավոտյան
Որ մահանամ կեսգիշերին
Առանց խոսքի ու բողոքի
Որ կեսգիշերն անց վերածնվեմ
Ու թթվածնի հետ թշնամանամ
Թե ինչու է այս մոլորակն ի՛նձ հենց ընտրել

Բայց ժամն ուշ է արդեն, ափսոս,
Լուսանում է օրը արդեն
Իսկ ես պետք է նորից մեռնեմ
Որ ծնվեմ ես առավոտյան
Առանց խոսքի ու բողոքի
Էլի, էլի, էլի...


No comments:

Post a Comment