6 Jul 2020

Ես այնքան փոքր եմ


Ես այնքան փոքր եմ
որ տեղավորվում եմ
տնից՝ նպատակակետ
ու նպատակակետից տուն
ընկած ճանապարհին
որն, ի դեպ, ընդամենը 15 րոպե է

Ես այնքան փոքր եմ
որ տեղավորվում եմ
Թեյիդ մեկ բաժակի մեջ
շաքարի փոխարեն
այն դեպքում երբ թեյը
դառն ես նախընտրում

Ես այնքան փոքր եմ
որ տեղավորվում եմ
գրպանումդ միայն
ներկայությունս
բանալիներիցդ կախ տված

Ես այնքան փոքր եմ
որ տեղավորվում եմ
3 րոպեանոց այն երգի մեջ
որը շտապով փորձում ես անջատել
որ ... լաց չլինես

Ես այնքան փոքր եմ
որ տեղավորվում եմ
Փողոցային կատուների մազերի մեջ
որոնց երկրորդ անգամ էլ չես հանդիպի
...որ քեզ ճանաչեն
...որ դու ճանաչես

Ես այնքան փոքր եմ
որ տեղավորվում եմ
քնից առաջ փակվող կոպերիդ տակ
երևակայությանդ մթնած սահմանում
որ այդպես էլ չկարողացա
ոչ թե՝ քնիդ,
այլ արթնությանդ
պատճառը դառնալ

Եվ վերջապես
Ես այնքան փոքր եմ
որ ինձ չես գտնի մեծ քաղաքներում
բազմամարդ համերգներում
երիցուկի անծայրածիր դաշտերում
հորդառատ անձրևի տակ

որովհետև
ես այնքան փոքր եմ
որ կտեղավորես ինձ
բարձրաձայն չասված քո բառերի մեջ
վախից կարծելով
որ կմեծանամ
որ կփոքրանաս
իրարից հեռու
փոքր ու մեծ մեր քաղաքներում
հոգուց քայքայված
փակ սահմաններում


No comments:

Post a Comment